Ֆրանսախոս Շվեյցարիայում մի ընկերություն առաջարկել է երկրում առաջին վիրտուալ գերեզմանոցը ստեղծել: Խոսքը յուրաքանչյուր գերեզմանը հատուկ QR-կոդով նշելու մասին է, որը սմարթֆոնի միջոցով սքանավորելով՝ հնարավոր կլինի տեղեկություններ իմանալ հանգուցյալի մասին, դիտել նրա լուսանկարներն ու տեսանյութերը:

26-ամյա ձեռներեցի գաղափարը, որը նա փոխառել է ԱՄՆ-ից, հանգեցրել է կայքի ստեղծման, որը հնարավորություն է ընձեռում դիտել գերեզմանների հուշարձանները՝ անմիջականորեն գերեզման չգալով: Գաղափարի հեղինակը հայտարարել է, որ սրանով գումար վաստակելու նպատակ չունի: Իմաստը շվեյցարացիներին նման վայրեր այցելելու նոր ձեւաչափ առաջարկելն է:

Ըստ Euromag-ի, համակարգը շատ պարզ է: 300 ֆրանկով հանգուցյալի ազգականները կարող են կերամիկական QR-կոդ ձեռք բերել, այնուհետեւ առցանց ռեժիմով տեղեկություններ ավելացնել հանգուցյալի մասին: Նաեւ հնարավորություն կա լուսանկարներ եւ տեսանյութեր ավելացնել, որոնք արվել են նրա կենդանության օրոք: «Գործնականում սա նույն Facebook-ն է: Այցելուները կարող են ցանկության դեպքում հաղորդագրություններ թողնել հանգուցյալի ընտանիքի համար»,- նշել է գաղափարի հեղինակ Ժուլյեն Բյունյոնը:

Հանգուցյալի ընտանիքը կարող է նաեւ գաղտնաբառ մտցնել՝ վիրտուալ այցելուների շրջանակը սահմանափակելու համար: