Սահմանադրական դատարանի մոտ այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիները կարող են գրավոր դիմում ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` գործին ընթացք տալու համար։ Այս մասին ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի աշխատակից Մարտին Մարտիրոսյանը։
ՄԻՊ-ի աշխատակիցը առանձին-առանձին զրուցեց ակցիայից տուժած քաղաքացիների հետ։ Ակցիայի մասնակիցները նրան պատմեցին, որ ոստիկաններն իրենց բռնի ձեւով հեռացրել են ՍԴ մուտքի մոտից մինչ իրենք խաղաղ ակցիա էին անցկացնում, ընդ որում, չեն մեկնաբանել իրենց գործողությունները։
Ակցիայի կազմակերպիչներից Դանիել Իոանիսյան ՄԻՊ աշխատակցին տեղեկացրեց, որ իրենց ակցիան արտոնված է եւ ունի խաղաղ բնույթ։ Նրա խոսքով, իրենք իրավունք ունեն կանգնել դատարանի մայթին, քանի որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը չի անցնում 100-ը, եւ նրանք չեն խոչընդոտում Սահմանադրական դատարանի աշխատանքը։
ՄԻՊ աշխատակիցը նշեց, որ ինքը ՍԴ-ի մոտ է եկել՝ կարդալով մամուլի տարածած տեղեկությունները ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ բախումների մասին, եւ խնդրեց գրավոր ներկայացնել իրենց բողոքը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սահմանադրական դատարանի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո ակցիայի մանսակիցները հեռացել են։
Ոստիկանները շարունակում են կանգնած մնալ ՍԴ-ի տարածքում։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը քննում է ԵՏՄ անդամակցության պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։




























