Վերջերս Ծաղկաձոր առողջարանային քաղաքում անցկացվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Դրամանիշերի փորձաքննության արդիական խնդիրները, դրամանիշերի իսկության որոշման մեթոդները եւ դրամանենգության դեմ պայքար» թեմայով վերապատրաստում:
Վերապատրաստմանը մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ինչպես նաեւ « De La Rue» (Մեծ Բրիտանիա), «Currency Research» (ԱՄՆ) եւ «Ֆիլտեր:Max» (Հունգարիա) ընկերությունների ներկայացուցիչները:
Ինչպես եւ պետք էր ենթադրել, «օտարերկրացիները» ներկայացրել է դրմանիշերի փորձաքննության եւ դրամանենգության դեմ պայքարի ոլորտում իրենց երկրների փորձը: Սակայն պաշտոնական տվյալներով՝ այս ոլորտում մեզ մոտ պրոֆիլակտիկան կաղում է:
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին «կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը» հոդվածով երկրում 138 իրավախախտում է արձանագրվել: Սա 41 դեպքով (կամ 42%-ով) գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը: բայց թե հատկապես ինչ են կեղծել հայրենական «մասնագետները», վիճակագրությունը համեստորեն լռում է: Ակնհայտ է, որ դրանք բաժնետոմսեր չեն եղել:
Հնարավոր է՝ հաստոցով տպում են հայրենական թղթադրամները, քանի որ դրամը նորից հավակնում է աշխարհի ամենակայուն արժույթի կոչմանը:
Ռուսաստանում, օրինակ, դրամանենգների մոտ տարածված են 5 հազար ռուբլիանոց թղթադրամները: Տարադրամի ներկայիս արժույթով այդ գումարը համարժեք է 108 դոլարին: Մանր թղթադրամներն իմաստ չկա տպելը, քանի որ «ինքնարժեքը» նրանց անվանական արժեքից բարձր կլինի: Ղազախստանում դրամանենգների «հայրենասիրությունը» արտահայտվում է սեփական տարադրամի նկատմամբ հատուկ վերաբերմունքով՝ տենգե խոշոր անվանական արժեքով թղթադրամը: Հավանաբար, տենգեն ավելի հեշտ է կեղծել եւ սպառել, քան դոլարը:
Բելառուսում «մասնագետները» նախընտրում են կեղծել դոլարը, ինչպես նաեւ հարեւան Ռուսաստանի ռուբլին: Իսկ ահա հայրենական արժույթը, հսկայական արժեզրկման հետեւանքով, նրանք ակնհայտորեն անտեսում են. ամենախոշոր թղթադրամը (200 հազար բելառուսական ռուբլի) համարժեք է 18,5 դոլարի: Հետեւաբար, այս տարվա հունվար-հունիսի տվյալներով, կեղծ բելառուսական ռուբլու բաժինն ընդհանուր կեղծ թղթադրամների շարքում չի հասնում անգամ 2 տոկոսի: Հասկանալի է, որ դրամանենգները նախընտրում են «շահութաբեր» արժույթները:



























