Սաուդյան Արաբիայից 17-ամյա աղջիկը հաստատակամություն է ցուցաբերել՝ չցանկանալով ամուսնանալ 90-ամյա ծերունու հետ, որի հետ նրան խաբեությամբ ամուսնացրել էին:

Նախապես աղջիկը չի ընդդիմացել իր ամուսնության վերաբերյալ հոր ցանկությանը, քանի որ համակրել է 20-ամյա փեսացուին, որի հետ ծնողները ծանոթացրել են: Երիտասարդ հարսնացուն գեղեցիկ փեսացուի մասին երազել է այնքան ժամանակ, մինչեւ ծանոթացել է հոր կազմած ամուսնական պայմանագրին, որի համաձայն՝ նա պետք է ամուսնանար ոչ թե երիտասարդի, այլ ուրիշ քաղաքից 90-ամյա տղամարդու հետ:

Ըստ Mail Online-ի, հայրը նշել է, որ ոչ մի սխալ չկա, եւ որ աղջիկը շուտով մեկնելու է Մեդինա քաղաք՝ տարեց փեսացուի մոտ:

Հոր խոսքերն այնքան են ցնցել դստերը, որ նա փախել է տանից եւ համարձակվել է դիմել ոստիկանությանը՝ ծերունու կինը դառնալու ճակատագրից խուսափելու համար: Գործի հետաքննությունն ավարտվել է դատաքննությամբ: FedPost-ի փոխանցմամբ, դատարանը որոշել է այդ ամուսնությունը չեղյալ ճանաչել:

Խաբեությամբ 90-ամյա ծերունու հետ ամուսնացած 17-ամյա աղջկա մասին լուրը ցնցել է Սաուդյան Արաբիայի սոցիալական ցանցերը: Օգտատերերը քննադատել են հայցորդի հորը՝ նրան մեղադրելով սեփական դստերը ծերունուն վաճառելու համար: Նրանց մեծ մասը գովաբանել է աղջկան՝ հաստատակամության եւ դատարան դիմելու որոշման համար: