Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը պատկերող տեսաձայնագրությունը, որը դեպքից ժամեր անց տարածել էր ադրբեջանական կողմը, իրականում սիրիական պատերազմի ժամանակ է նկարահանվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սիրիական պատերազմի  տեսանյութերը ամբողջ աշխարհում լայն կիրառվում են տարբեր քարոզչական գործողություններ իրականացնելու համար, քանի որ այդ կոնֆլիկտն ամենաշատն է նկարահանվել»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմը  դեպքից հետո չի կարողացել կոորդինացնել գործողությունները:

«Չկոորդինացվածության պատճառով իրար հետեւից հայտարարություններ տարածվեցին համացանցում, որից մեկում ասվում էր, որ ուղղաթիռը անմիջապես հարձակում է կատարվել: Անգամ ՊՆ հաղորդագրությունից զգացվում էր, որ երկու տարբեր մարդիկ էին գրել: Մի պարբերությունում գրված էր, որ ուղղաթիռը հարձակվել է, իսկ մյուսում գրված էր՝ պատրաստվում է հարձակվել: Միայն գործողությունները կոորդինացնելուց  համացանցում հայտնվեց այն տեսանյութը, որը ցույց է տալիս ռեալ դեպքը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետը տեղեկացրեց, որ վերջին օրերին Հայաստանում գործող բազմաթիվ լրատվական կայքեր ենթարկվել են կիբերհարձակման:

«Հենց իրավիճակը սրվում է, ադրբեջանական կողմը փորձում է խոչընդոտել պետական եւ լրատվական կայքերի աշխատանքը, որպեսզի չկարողանան իրականացնել համապատասխան քարոզչություն: Դեպքերի հենց այդ եւ հաջորդ օրերը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների կայքերի վրա հարձակում էր կատարվել, որ աշխատանքը խափանեն: Եվ դա արդեն պրակտիկա է դառնում սկսած 2012թ դեկտեմբերից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, վերջին դեպքերը լուսաբանելիս, հայկական լրատվամիջոցները լավ են աշխատել:

«Եթե դինամիկայի մեջ նայենք մեր լրատվամիջոցների արձագանքը պարզ է, որ իդեալական չեն աշխատում, բայց կարեւոր է, որ առաջինը հիստերիա չսկսվեց, նախկինում անգամ լրատվամիջոցներում էր հիստերիա սկսվում: Մյուս կարեւոր հանգամանքը այն է, որ լրատվամիջոցները տեղեկատվությունը սկսեցին ստուգելով տալ՝ չհիմնվելով, ինչ-որ լեյտենանտի կնոջ հեռախոսազրույցի վրա»,- ասաց մեդիափորձագետը: