Ադրբեջանի կողմից Արցախում ուսումնավարժական ուղղաթիռի խոցումն իրավիճակի լարման նոր փուլ է, որով Ադրբեջանը փորձում է իր վրա ուշադրություն սեւեռել եւ հարցը միշտ պահել տաք վիճակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ուղղաթիռի խոցումը հարված էր Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին ամիսների իրականացվող քաղաքականությանը՝ եռանախագահող երկրների նախագահների հետ հարապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումներին, որոնց ընթացքում հայկական կողմը բավական լուրջ առաջընթաց էր արձանագրել, ինչը ձեռնտու չէր Ադրբեջանին:
Գագիկ Մելիքյանը նշեց, որ որքան էլ՝ Ադրբեջանը սադրի, տարածաշրջանում պատերազմ չի լինի:
«Ես համոզված եմ, որ պատերազմ չի լինելու: Պատերազմի իրավիճակում Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, թե ինչ հետեւանքներ կունենա, եւ պատերազմը տեղի կունենա միայն Ադրբեջանի տարածքում: Հայկական զինված ուժերը պատրաստ են նաեւ նման քայլերի եւ հենց այդ մտավախությունն է, որ Ադրբեջանը երբեք չի գնա պատերազմական գործողությունների: Իսկ տարբեր սադրանքների ինքը միշտ էլ գնացել է եւ, կարծում եմ, որ կգնա: Ես համոզված եմ, որ հայկական բանակը եւս մեկ անգամ ապացուցեց իր հզորությունը եւ փաստը, որ ադրբեջանական բանակը ոչինչ չի կարող անել մեր զինված ուժերի դեմ: Մենք հզոր ենք, եւ համոզված եմ, որ շատ շուտով գալու է նաեւ հատուցման պահը, որը գտնում եմ՝ կլինի ճիշտ ժամանակին եւ համարժեք, միգուցե նաեւ համարժեքից մի փոքր էլ ավելի»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը
Նա նաեւ ողջունեց երեկ զորավարժությունների ավարտին ՀՀ նախագահի ելույթը՝ կիսելով հատկապես այն տեսակետը, որ «հայկական զինված ուժերը երբեւէ թույլ չեն տվել եւ թույլ չեն տա, որ որեւէ մեկը կասկածի իրենց հզորության եւ ուժեղության վրա»:
«Մեր բանակը, իրոք, տարածաշրջանում ամենահզորն ու ամենամարտունակն է եւ ցանկացած պահի պատրաստ է դիմակայելու ադրբեջանական ցանկացած ոտնձգության: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է: Ես համոզված եմ, որ այդ գիտակցությունն է՝ նաեւ պատճառը, որ այդքան հստակ ՀՀ նախագահը հայտարարեց, որ այդ տարածքում պատերազմ չի լինելու»,- նշեց պատգամավորը:
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ Արցախում ուղղաթիռի խոցումը վերջին 20 տարիների ընթացքում՝ հրադադարի հայտարարման պահից, ադրբեջանցիների կողմից իրականացված ամենացավոտ քայլն էր Հայաստանի համար, որը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար:
«Կարծում եմ, որ սա իր լուրջ հետեւանքները Ադրբեջանի համար անպայման կունենա: Թե՛ Մինսկի խմբի կողմից, թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից, թե՛ ՀԱՊԿ քարտուղարի կողմից, թե՛ Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից, թե՛ Եվրախորհուրդի կողմից հարցը բազմիցս քննարկվել է, եւ իր արձագանքը գտել է, եւ համոզված եմ, որ իր հետեւանքներն անպայման կունենա»:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե Արցախում ուղղաթիռը խոցվեց մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի տրված զենքով՝ Գագիկ Մելիքյանը նշեց, որ Ռուսաստանը աշխարհի տարբեր երկրների զենք է վաճառում, այդ թվում նաեւ Ադրբեջանին եւ Հայաստանին:
«Համոզված եմ, որ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը տարածաշրջանում հավասարակշռված իրավիճակ է ստեղծվում, որպեսզի պատերազմի վտանգը ավելի թուլանա»,- եզրափակեց Գագիկ Մելիքյանը:




























