2016 թվականին Երեւանում հարավից քաղաք մուտքի տրանսպորտային նոր հանգույց կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Շինարարությունն իրականացվելու է Երեւանի շուրջ շրջանցիկ մայրուղու կառուցման նախագծի շրջանակում, որն Արտաշատի մայրուղին կապելու է Աշտարակի հետ եւ Հայաստանի հարավից դեպի հյուսիս գնացող բեռնատարներին հնարավորություն է ընձեռելու չմտնել մայրաքաղաք:

Առաջին հատվածի շինարարությունը՝ Արշակունյաց պողոտայից (նախկին Բանվորի արձանի մոտից) մինչեւ Շիրակի փողոց, արդեն սկսվել է: Շինարարությունն ընթանում է արդեն երեք ամիս, հողատարածքների օտարում է կատարվել: «Ծրագիրը լրջորեն է իրականացվում, կարող եմ այն լավագույններից մեկն անվանել»,- նշեց Նիկոյանը՝ հավելելով, որ առաջին փուլը պետք է ավարտվի մինչեւ տարեվերջ:

Երկրորդ փուլը, որով ճանապարհը միանալու է Աշտարակի մայրուղուն, դեռեւս պետք է հաստատվի: Բայց, ըստ Նիկոյանի, արդեն հիմա պարզ է, որ ճանապարհն անվճար է լինելու: