Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալը, որը գլխատել էր երկու բրիտանացիների եւ երկու ամերիկյան լրագրողների, Իրաքի տարածքի ուղղությամբ ԱՄՆ ՌՕՈՒ-ի ինքնաթիռների ավիահարվածների ժամանակ վիրավորվել է:
The Daily Mail-ի տեղեկություններով, զինյալը հրթիռակոծության տակ է հայտնվել նոյեմբերի 8-ին: The Telegraph-ն էլ հաղորդում է, որ դահճին ավիահարվածներից հետո տեղափոխել են Սիրիայի հետ սահմանակից Իրաքի հյուսիս-արեւելյան Ալ-Քաիմ քաղաք, այնուհետեւ փոխադրել սիրիական Ռաքքա քաղաք:
«Մենք գիտենք այդ տեղեկությունների մասին, սակայն առայժմ չենք կարող հաստատել դրանք»,- հայտարարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունում: Նշվում է, որ զինյալը վիրավորվել է այն նույն հարձակման ընթացքում, որի ժամանակ, լրատվամիջոցների տվյալներով, տուժել է ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին:
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել Մեծ Բրիտանիայի հպատակ Ալան Հենինգին, ով նրանց մոտ գերի էր պահվում: Ավելի վաղ իսլամականները նույն կերպ հաշվեհարդար էին տեսել նաեւ բրիտանացի Դեւիդ Հեյնսի եւ ամերիկյան լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի ու Սթիվեն Սոթլոֆի հետ:




























