Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից G20-ի գագաթաժողովից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռանալուց անմիջապես հետո արեւմտյան առաջնորդները հանդիպում են անցկացրել, որտեղ քննարկել են Ռուսաստանին համատեղ հակազդելու խնդիրը, հաղորդում է AP-ն:
Բացի հանդիպումը նախաձեռնած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, դրան մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը ժամանակից շուտ՝ նախքան ամփոփիչ փաստաթղթերի ստորագրումը, լքել է G20-ի առաջնորդների գագաթաժողովը, նշելով ծանրաբեռնված գրաֆիկն ու քնելու անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը, Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթաժողովում ուղեկցվել է մի շարք սկանդալներով: Մասնավորապես, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ավստրալիայի վարչապետ Էբոթը խնդրել է Պուտինին ներողություն խնդրել «Բոինգը» խոցելու համար, իսկ նախօրեին հայտնի է դարձել, որ Կանադայի նախագահ Սթիվեն Հարփերը հանդիպման ժամանակ Պուտինին խնդրել է «մաքրվել Ուկրաինայից»:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Reuters-ը, Պուտինին Ավստրալիայում շատ սառն են ընդունել:




























