Պարսից ծոցի երկրներն այսօր՝ նոյեմբերի 16-ի երեկոյան արտակարգ հանդիպում կկազմակերպեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, որպեսզի Քաթարին «վերջին շանսը» տան՝ կարգավորել իր հարաբերությունները տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Այդ հանդիպմանը Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրները, րի կազմում են Սաոդւյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը ԱՄԷ-ն եւ Օմանի սուլթանությունը, կքննարկեն Խորհրդում Քուվեյթի նախագահության ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու հարցը (նախագահությունը պետք է անցներ Քաթարին): Այս մասին հաղորդում է սաուդյան «Ալ-Հայաթ» թերթը:

Նախորդ շաբաթ Քուվեյթի էմիր Սաբահ Ահմեդ աս-Սաբահը այցելել է տարածաշրջանի 4 երկրներ՝ փորձելով հաշտեցնել նրանց Հոդայում կայանալիք գագաթաժողովից առաջ, որը նախատեսված է դեկտեմբերի 9-ին, սակայն նրա միջնորդական ջանքերը արդյունք չեն տվել:

Պարսից ծոցում առաջնորդության ձգտող Քաթարի եւ տարածաշրջանի երեք երկրների միջեւ հարաբերությունները բարդացել են այս տարվա մարտին այն բանից հետո, երբ նրանք մեղադրել են Դոհային 2013-ին Էր-Ռիադում ստորագրված, միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին համաձայնագրին չհետեւելու մեջ: Նման մեղադրանքների համար առիթ է դարձել այն տեղեկությունը, որ Քաթարը օգնություն է տրամադրել Բահրեյնի ընդդիմադիր խմբավորումներին:

Բացի այդ, Պարսից ծոցի միապետությունները քննադատում են Քաթարին «Մահմեդական եղբայրներին» աջակցելու համար: Ի նշան բողոքի Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ ԱՄԷ-ն մարտին հետ են կանչել իրենց դեսպաններին Քաթարից: