Ռուսաստանը նախկինի պես կմնա մեկուսացման մեջ, եթե չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայում: G20-ի գագաթաժողովում նման դիրքորոշում են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

«Ռուսաստանը պետք է այլ ուղի ընտրի»,-ասել է Օբաման՝ պարզաբանելով, որ խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելու մասին: «Եթե դա տեղի ունենա, ես առաջինը կլինեմ, որ կառաջարկեմ հանել պատժամիջոցները»,-ասել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն միասնական դիրքորոշում ունեն, ըստ որի Եվրոպայի տարածքում չպետք է լինեն սառեցված հակամարտություններ»,-ասել է Քեմերոնը, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, Վլադիմիր Պուտինը  Բրիսբենում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ պատժամիջոցները վնասում են բոլոր կողմերին: Նրա խոսքով՝ խնդրի նման ընդհանուր ըմբռնում եղել է բոլոր համաշխարհային առաջնորդների մոտ, որոնք հետ ինքը զրուցել է:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակից շուտ լքել է G20-ի գագաթաժողովը, նշելով, որ երկար թռիչք պետք է կատարի մինչեւ Մոսկվա, նաեւ պետք է մի քանի ժամ քնի: Նրա մեկնելուց հետո արեւմտյան առաջնորդները քննարկել են ՌԴ քաղաքականությունն Ուկրաինայի հարցում եւ դատապարտել այն: