Ռուսական HTB հեռուստաալիքը հայտնել է Ռուսաստանում  լատվիական լրտես Ալեքսեյ Խոլոստովի բացահայտման մասին, որը Լատվիայի խորհրդարանի պատգամավոր է եղել ընդդիմադիր «Համաձայնության կենտրոն» միավորման կողմից եւ ներկայացրել է երկրի ռուսալեզու բնակչության շահերը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Խոլոստովը լուրջ վնաս չի հասցրել Ռուսաստանին, ուստի որոշվել է նրան պարզապես արտաքսել երկրից:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով BNS-ն, Լատվիայի ԱԳՆ-ն հաստատել է Ալեքսեյ Խոլոստովին ՌԴ-ից արտաքսելու փաստը:

HTB-ի հրապարակած տեսանյութում ցուցադրվում է Խոլոստովի հարցաքննությունը, որն իրականացրել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները: «Ես՝ Ալեքսեյ Խոլոստովն եմ, ռուս, Լատվիայի քաղաքացի: Ռուսաստանի տարածքում ես գտնվում եմ Լատվիայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, որոնք գործում են ԿՀՎ-ի ղեկավարությամբ»,-հայտարարել է Խոլոստովը: Միաժամանակ քաղաքական գործիչը պնդել է, որ շանտաժի է ենթարկվել, Լատվիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սպառնացել են իրեն եւ իր ընտանիքի անդամներին:

Լատվիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Կարլիս Էյհենբաումսը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները ափսոսանք են առաջացնում: