ԱՄՆ-ի եւ Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարել վրացական կողմին զենք վաճառելու շուրջ: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենենտ Ֆրեդերիկ Հոջեսը:

«Ես տեղեկացվել եմ զենքի գնման շուրջ բանակցությունների մասին, որոնք կայացել են անցյալ շաբաթ, Վաշինգտոնում: Կարծում եմ՝ իմ կողմից նպատակահարմար չի լինի խոսել բարձր մակարդակի այդ հանդիպման մասին, որը կայացել է մեր երկրի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ»,- Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Մինդիա Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հոջեսը:

Ըստ վրացական լրատվամիջոցների, գեներալը չի հստակեցրել, թե ով է մասնակցել հանդիպմանը: