Թուրք հայտնի երգիչ Աթիլլա Թաշը բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գրելով 10 պատճառ նրան չսիրելու համար։

Թուրքական Ortasayfa.net կայքում հրապարակված նամակում Աթիլլա Թաշն իր նամակի սկզբում գրել է. «Քեզ չեմ սիրում ՌԹԷ, բացի այդ, պարտավոր էլ չեմ սիրել»։  Այս գրությունից հետո երգիչը շարադրել է 10 պատճառ, որի համար չի սիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Աթիլլա Թաշը 10 պատճառների մեջ ներկայացրել է, որ Էրդողանն իր անձնական շահը գերադասում է երկրի շահերից եւ ամեն ինչ անում իր ուզածով։ «Ցանկացած ով, ով դեմ է Էրդողանին, նա դառնում է Էրդողանի թշնամին»,-գրել է երգիչը՝ շեշտելով նաեւ, որ չի սիրում Էրդողանին քանի որ նա կրոնական եւ ազգային խտրականություն է իրականացնում՝ վիրավորելով հայեին, ալեւիին եւ հրեային։

Վերջին պատճառն Աթիլլա Թաշը նշել է Թուրքիայի պատմության ամենամեծ կոռուպցիոն սկանդալը՝ շեշտելով, թե այդ ամենը բացահայտելու փոխարեն Էրդողանն այն ներկայացրեց հեղաշրջման փորձ եւ կոծկեց։