2014 թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը անտարբեր չթողեց ոչ մեկին՝ շահագրգիռ ծառայություններից մինչեւ շարքային քաղաքացին եւ բնական է  հասարակության ուշադրությունը դեպքի օպերատիվ արձագանքման եւ ողբերգական վթարի պատճառների ու հետեւանքների ուսումնասիրման  նկատմամբ: Այդ մասին ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Վթարի լուրը ստանալով երկրի վարչապետի հանձնարարությամբ  անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` փրկարարական աշխատանքները անձամբ ղեկավարելու նպատակով, որտեղից պարբերաբար ՀՀ վարչապետին զեկուցել է դեպքի մանրամասների եւ իրականացվող աշխատանքների մասին:

Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանանակ երկրի վարչապետը շահագրգիռ ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել վթարի պատճառներն ու հետեւանքները, պարզել ողբերգության հանգեցրած դեպքի հանգամանքները, ուշադրության կենտրոնում պահել վիրավորների բուժման կազմակերպումը: Միաժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է ուսումնասիրել  գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացները եւ անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաեւ  գազաբալոնների օգտագործման միջազգային փորձը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր օժանդակություն ցուցաբերեցին` ելնելով թե մասնագիտական եւ թե քաղաքացիական պարտքից, ինչպես նաեւ գործընկեր ծառայություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցության համար: