Զիմբաբվեի փոխնախագահ Ջոյս Մուջուրուին մեղադրել են երկրի նախագահի դեմ մահափորձի կազմակերպման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Sunday Mail թերթը, որը վերահսկվում է Մուջուրուի հակառակորդ համարվող արդարադատության նախարար Էմերսոն Մնանգագվայի կողմից, գրել է երկրի 90-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեին գնդակահարելու պլանի մասին, որը երկիրը կառավարում է նրա ստեղծման օրվանից 1980 թվականից:

«Դա պետական դավաճանություն է: Ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի, կալանավորի մեղադրյալներին ու դավաճանության մեղադրանք առաջադրի»,-հայտարարել է հայտնի իրավաբան Ջոնաթան Սամկանգե:

59-ամյա Մուջուրուն հերքել է բոլոր մեղադրանքները՝ համարելով դրանք սխալ: Գործակալությունը նշում է, որ Մուջուրուի դեմ հարձակումներն սկսվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահի կինը մտել է քաղաքականություն եւ դարձել իշխող Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության կանանց լիգայի ղեկավար: Նա հրապարակավ քննադատել է փոխնախագահին հանրահավաքի ժամանակ եւ կոչ է արել Մուջուրուին հրաժարական տալ: