«Հարսնաքարի» գործով դատապարտվածներ Գարիկ Մարգարյանը եւ Նորայր Հայրապետյանը այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մասով, սակայն ասացին, որ չեն պատրաստվում հրապարակային ներողություն խնդրել տուժող, Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից։

«Էդ դատավճռի ժամանակ մեր բոլորի մոտ նենց վիճակ ա եղել, որ ես մի քանի օր հետո նոր իմացել եմ, որ հայհոյանքներ են եղել։ Հայհոյանքները ոչ դատարանին են ուղղված եղել, ոչ էլ մեղադրողին, այլ հենց Եգորյանին, որովհետեւ ինքը երեւի ծնվել ա մարդկանց թաղելու համար, ինքը կարար լավ գերեզմանատանը աշխատեր, կյանքում իրա նպատակն է մարդկանց վատություն անելը։ Լրագրողների առաջ մեր հասցեին ինչ ասես չի ասել էդ երկու տարիների ընթացքում։ Առանց հասկանալու, առանց զգալու էդ բանը եղել ա, այո, մեղավոր ճանաչում եմ,  բայց ներողություն խնդրել չի լինի, թեկուզ ուրիշ դատարաններում, ատյաններում։ Ես մենակ ներողություն եմ խնդրում էն մայրերից ու քույրերից, ովքեր որ էդ դատավարությանը եղել են ու իմ բերանից հնչած էդ բառերը լսել են»,- ասաց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը։

Մեղադրող Նարեկ Թոփուզյանը նշեց, որ Տիգրան Եգորյանի ներկայացրած հայցադիմումը՝ պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով, չի տեղավորվում քրեաիրավական վարույթում՝ միջնորդելով հայցադիմումը քննարկել քաղաքացիական դատավարության կարգով։

«Եթե տուժողը գտնում է, որ ինքը ներողության կամ փոխհատուցման անհրաժեշտություն ունի, թող քաղհայց ներկայացնի»,- ասաց մեղադրողը։

Պաշտպանական կողմը միացավ մեղադրողի դիրքորոշմանը՝ պահանջելով քաղհայցի դիմումը թողնել անհետեւանք։

Ամբաստանյալների մեղավորության ընդունումը հաշվի առնելով՝ դատավորը բավարարեց արագացված դատական քննության կարգի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։  

«Եգորյանը ո՞նց էր հարգալից վերաբերմունք ուզում, երբ որ ինքը իրա բժիշկների հետ նենց դասավորեցին, որ էս անմեղ էրեխեքը դատապարտվեցին 12 տարի, 12 դարդ ու ցավ գա Եգորյանի գլխին»,- հայտարարեց Գարիկ Մարգարյանի մայրը, որն անընդհատ տեղից միջամտում էր դատական նիստին, անիծում ու վիրավորում Եգորյանին։

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստանյալ մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ «Հարսնաքարի գործով» տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը, դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։