Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, հուլիսի 2-ին հանդես գալով երկրի խորհրդարանում, հերքել է ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե Վրաստանի տարածքով անցնող գազամուղը նախատեսվում է հանել վաճառքի: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գռուզիա»-ն:
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը պատրաստել է մի օրինագիծ, որում նշված է այն օբյեկտների ցանկը, որոնք ենթակա չեն սեփականաշնորհման, եւ այդ ցանկում գազամուղը չկա: Դրա հիման վրա ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ կառավարությունը նախատեսում է վաճառել գազատարը:
Գիլաուրին հերքել է պատգամավորների պնդումները եւ հայտարարել, որ նման բան նախատեսված չէ: «Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց գազամուղի բաժնետոմսերի 10-15 տոկոսը հանվի վաճառքի լոնդոնյան բորսայում»,- ասել է Գիլաուրին:
Իր կողմից, օրինագծի հեղինակ, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին հայտարարել է, որ որեւէ պատճառ չի տեսնում գազամուղը այդ ցանկում գտնվելու համար: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ «մասնավոր ընկերությունը ավելի լավ կկառավարի գազամուղը, որը Ռուսաստանից Վրաստանի տարածքով մտնում է Հայաստան»:




























