Դրամի արժեզրկումը կանխատեսվում էր դեռեւս երկու ամիս առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ աշնան վերջին բիզնեսի ոլորտում անկում է գրանցվում, եւ դրամի արժեզրկման հակակշիռները ձմռան մոտենալու հետ թուլանում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացումը:

Մանասերյանի խոսքով, դրամի արժեզրկումը պայմանավորված է ներքին եւ արտաքին գործոներով. «Չնայած շատերը դրամի արժեզրկումը կապում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո այդ երկրում տիրող իրավիճակի հետ, սակայն դրամի արժեզրկման պատճառը կապված չէ միայն դրա հետ: Չի կարելի չնշել, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ տնտեսությունը թռիչք է ապրել, ինչով էլ պայմանավորված է այդ երկրի ազգային արժույթի ամրապնդումն ինչպես եվրոյի, այնպես էլ այլ արժույթների նկատմամբ: ԱՄՆ տնտեսությունն աճում է սեփական նավթի արդյունահանման հաշվին, ինչն առաջիկայում կվերականգնի տեղական արդյունաբերության մի մասը»:

Տնտեսագետը նաեւ նշեց, որ ներկայում գոյություն ունի նաեւ կախվածություն ռուսական շուկայից, ինչը նույնպես ազդում է հայկական տնտեսության եւ արժույթի վրա: Սակայն, Մանասերյանի խոսքով, պետք չէ գերագնահատել դրամի համար ռուբլու արժեզրկման նշանակությունը. «Ռուբլու արժեզրկումը չէր կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Ամեն դեպքում, ընթացիկ տարվա ամռանը, երբ ռուբլու արժեզրկումը հասավ ռեկորդային մակարդակի, Հայաստանում փոխարժեքի ոչ մի զգալի փոփոխություն չնկատվեց: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ գործնական ակտիվության ժամանակաշրջանում բացասական ազդեցությունը փոխհատուցվում է արտարժույթի հոսքով: Այդ ժամանակահատվածում Հայաստանում տնտեսական աճ է արձանագրվել՝ գյուղարտադրանքի, գործարար ակտիվության եւ տուրիզմի հաշվին. այդ ոլորտում 32-38% աճ է արձանագրվել: Ներկայում, ցավոք, մենք չենք կարող մեծ ռեսուրսներ ներդնել՝ ի հակակշիռ դրամի արժեզրկման»:

Միաժամանակ, Մանասերյանը նշեց, որ խուճապի պատճառ չկա, քանի որ արժույթի արժեզրկում տեղի է ունենում ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում, ինչպես նաեւ ԵՄ երկրներում: «Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի գործընկեր-երկրները նույնպես ենթակա են արտաքին որոշ ազդեցություններին: Այդ երկրների համեմատ՝ Հայաստանում մեծ կորուստներ չեն արձանագրվել»:

Որքա՞ն կտեւի դրամի արժեզրկումը հարցին ի պատասխան, տնտեսագետը նշեց, որ այդ հարցին կարելի է պատասխանել միայն սիրողական մակարդակով, քանի որ ամեն օր կամ ամեն ժամ հնարավոր են փոփոխություններ ոչ միայն բարձրացման, այլեւ հակառակ ուղղությամբ: