Թուրքիայում քրդական հարցը կարող է ամբողջությամբ լուծվել 4-5 ամսվա ընթացքում՝ երկու կողմից էլ պայմանավորվածությունները կատարելու պայմանով: Այս մասին ասված է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գրավոր հայտարարությունում, որը նա փոխանցել է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից բանակցողներին:
«Եթե կարգավորման կետերը, որոնք կողմերը համաձայնեցրել են, կատարվեն, ապա առավելագույնը 4-5 ամսվա ընթացքում ժողովրդավարական լուծման կհասնենք, որը կկանխորոշի ամբողջ Մերձավոր Արեւելքի ապագան: Եթե վճռականությունը կբավականացնի, ապա տարածաշրջանում քաոսը կխորանա եւ կհանգեցնի նոր բախումների»,- Օջալանի հայտարարությունն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Թուրքական քրդերի առաջնորդին միջնորդների պատվիրակության հերթական այցը կայացել է նոյեմբերի 29-ին եւ տեւել է 4 ժամ: Կուսակցության ներկայացուցիչներն Օջալանի հետ քննարկել են քրդական խնդրի կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայի քրդական ինքնավարությունում իրադարձությունների զարգացումը:
Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999 թվականից ցմահ ազատազրկման պատիժն է կրում Իմրալի կղզու բանտում: 2012թ. հոկտեմբերին թուրքական իշխանությունները նրա հետ 35-ամյա հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսեցին:
Պայմանավորվածության համաձայն, քրդերը սկսեցին Թուրքիայից զինյալների դուրսբերումը: Հետագայում կողմերը միմյանց մեղադրեցին պայմանավորվածությունները խախտելու համար: Բանակցային գործընթացը սպառնալիքի տակ դրվեց այն բանից հետո, երբ այս տարվա հոկտեմբերին Թուրքիայում քուրդ բնակչության զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին:




























