Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է «ամեն գնով» հասնել Ռուսաստանի հետ տարածքային վեճի լուծման:

«Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրը եւ խաղաղության պայմանագիր կնքեմ: Որպես քաղաքական գործիչ, որպես վարչապետ՝ ես ցանկանում եմ դրան հասնել ամեն գնով», — նշել է Աբեն՝  ճապոնական հյուսիսային Հոկայդո կղզու Նեմուրոյի քաաքապետ Սյունսկե Հասեգավոյի հետ հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Kyodo տեղեկատվական գործակալությունը:

2014 թ. մայիսի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ճապոնիայի հետ բանակցային գործընթացը վիճահարույց կղզիների հետ կապված:  «Եվ Ճապոնիան, եւ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգիռ է, որպեսզի խնդիրը լուծվի», — նշել է նա: Նախագահն ընդգծել է, որ այդ խնդրի լուծումը չպետք է ոտնահարի կողմերի շահերը, սակայն նա խոստովանել է, որ դեռեւս անհասկանալի է՝ ինչպես հասնել այդ հարցում փոխզիջման, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվել դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: Գլխավոր խոչընդոտը Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելության շուրջ վեճն է: