Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորվածներից հիվանդանոցում բուժման կարիք ուներ 67 հոգի,  նրանց մի մասն արդեն դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Նա նշեց, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվել է 39 հոգի, որից 20-ը դուրս է գրվել, այնտեղ այժմ մնացել է 19 հոգի, որոնք եւս առաջիկայում դուրս կգրվեն: Արա Ասոյանը Երեւանում գտնվող հիվանդներին տեսնելուց հետո պատրաստվում է մեկնել Եղվարդ՝ այնտեղի հիվանդներին տեսության:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ գտնվում է 18 հոգի, նրանց վաղվանից կսկսեն դուրս գրել: Արա Ասոյանը տեղեկացրեց նաեւ, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող մեկ հիվանդի վիճակը եւս կայունացել է, նրան այսօր կտեղափոխեն իրենց մոտ: Ընդհանուր առմամբ, գլխավոր վարակաբանի գնահատմամբ հիվանդների առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: