Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր՝ դեկտեմբերի 1-ին պաշտոնապես ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները, փոխարինելով այդ պաշտոնում Բելգիայի նախկին վարչապետ Հերման Վան Ռոմպոյին:

Տուսկն Եվրոպական խորհրդի առաջին նախագահն է նախկին սոցիալիստական երկրներից:

Տուսկը Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում կզբաղվի ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների եւ վարչապետների գագաթաժողովների նախապատրաստմամբ, ինչպես նաեւ խնդրահարույց հարցերի շուրջ առաջնորդների միջեւ փոխզիջումների մշակմամբ, որոնց շարքում շարունակում է մնալ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ եվրագոտու երկրների թույլ տնտեսությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 30-ին հայտնի է դարձել, որ Դոնալդ Տուսկը հաստատվել է ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնում: Դրա հետ կապված Տուսկը լքել է Լեհաստանի վարչապետի պաշտոնը: