Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը haqqin.az-ի հետ հարցազրույցում:
«Սրա հետ հաշտվելու ժամանակն է, սա աքսիոմ է: Եվ միայն դրանից հետո է հնարավոր ստեղծված իրադրությունից դուրս գալ տարածաշրջանի եւ երկու ժողովուրդների համար նվազագույն կորուստներով: Մնացած բոլոր փորձերը, որոնք եղել եւ հնարավոր է՝ կլինեն, կկանխվեն Հայաստանի եւ ԼՂՀ-ի բանակների կողմից»,- ընդգծել է նախարարը:
«Միասին կկարգավորենք ղարաբաղյան, ղարաբաղա-ադրբեջանական հարցը, կգաք Հայաստան եւ կտեսնեք՝ ինչպես ենք մենք զարգանում՝ ե՛ւ Լեռնային Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը: Իսկ ընթացիկ փուլում հարկ է ընդգծել, որ մենք խորապես դատապարտում ենք ուղղաթիռի հետ կապված միջադեպը: Հարավային Կովկասի խաղաղությունը տառացիորեն մազից էր կախված: Մեզ հաջողվեց ընդգրկուն պատերազմը կանխել սոսկ հայկական ղեկավարության եւ Լեռնային Ղարաբաղի բանակի զինվորների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Դիտարկմանը, թե «ուղղաթիռը խոցվել է ռուսական զենքով», Արմեն Աշոտյանը հակադարձել է. «Ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զորքերը՝ խախտելով զինադադարը, որը 1994 թ. Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից խնդրել էր Ադրբեջանը»:
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը: Չեզոք տարածքում ուղղաթիռի անկումից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակել էր կրակի տակ պահել խոցված ուղղաթիռի տարածքը՝ մոտ չթողնելով ինչպես Հայաստանի եւ ԼՂՀ-ի, այնպես էլ ԵԱՀԿ եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներին:
Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղաթիռին մոտենալու հարցով կտրուկ մերժումները՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունը վճռել էր հատուկ գործողություն իրականացնել: Արդյունքում ուղղաթիռի անկման վայրից դուրս էին բերվել զոհված օդաչուներից մեկի մարմինը եւ մյուս երկուսի մասունքները, ինչպես նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասեր, որոնք փորձաքննության են հանձնվել:




























