ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից նախաձեռնած Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացին:
Ուրիխանյանի տարածած հայտարարությունում նշվում է.
«ԲՀԿ խմբակցությունն այսօր, ԱԺ հերթական քառօրյային նախորդող խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Փորձեմ համառոտ ներկայացնել մեր հիմնական մոտեցումները:
1. Նախաձեռնության մեջ մենք տեսնում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների եւ մարտահրավերի վերաբերյալ պատգամավորի մտահոգությունները:
2. Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական եւ անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները: Նշեմ, որ համաժողովրդական շարժման դռները բաց են ցանկացած գործչի եւ ցանկացած մտահոգ քաղաքացու համար:
3. Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես ճշգրիտ քայլերի եւ սթափ հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը:
4. Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում:
5. ԲՀԿ-ն վերահաստատում է, որ իր առաջիկա գործունեությունը միտված է լինելու հասարակությունը մոբիլիզացնելուն, լայն բազմակուսակցական քաղաքական ճակատ ձեւավորելուն, ժողովրդին համախմբելուն եւ նոր որակի իշխանություն ձեւավորելուն: Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի լուծել երկրի եւ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Այս խնդիրների լուծման ճանապարհին ԲՀԿ-ի համար ընդունելի են սահմանադրական պայքարի բոլոր միջոցները. այդ թվում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, ստորագրահավաքներ, հրաժարականներ, պաշտոնանկություններ եւ այլն»:




























