Բելգիայի Վալոնիայի եւ Ֆլանդրիայի արհմիությունների կողմից կազմակերպվել է «հովհարային» հերթական բողոքի ցույցը՝ ընդդեմ տնտեսման կոշտ քաղաքականության:  Զանգվածային երկրորդ գործադուլին մասնակցում են պետական եւ մասնավոր հատվածի աշխատողները՝ Նամյուր, Լիեժ, Լյուքսեմբուրգ, Արեւմտյան եւ Արեւելյան Ֆլանդրիա նահանգներում:

Այս նահանգներում գրեթե ամբողջությամբ դադարեցվել է երկաթուղային եւ հասարաական տրանսպորտի երթեւեկությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Առաջին «հովհարային» բողոքի ցույցը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին՝ Էնո, Լյուքսեմբուրգ, Լիմբուրգ նահանգներում: Գործադուլային շարժման  եզրափակիչ մասը կդառնա դեկտեմբերի 8-ի բողոքի ցույցը՝ Բրյուսելում եւ Վալոնիայի եւ Ֆլամանդիայի Բրաբանտ նահանգներում, որը տեղի է ունենալու երկուշաբթի օրը:

Բելգիայի արհմիությունները մտադիր են լայնամասշտաբ բողոքի ցույցեր անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները հաշվի չեն առնում աշխատավորների պահանջները:

«Հովհարային» բողոքի ցույցերին կհաջորդի արհմիությունների համընդհանուր ցույցը՝ դեկտեմբերի 15-ին: 

Բելգիայի աշխատավորները դժգոհ են, որ նոր իշխանությունների կողմից բյուջետային ծախսերը կրճատելու եւ հարկային քաղաքականությունը շտկելու հետեւանքով կնվազի գնողունակությունը թագավորության տնտեսապես ակտիվ բնակչության երկու երրորդի շրջանում:  Ցույցի մասնակիցները դեմ են նաեւ հարկային ծանրաբեռնվածության եւ կենսաթոշակային տարիքի շեմը  բարձրացնելուն: