ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում խնդրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետ վերցնել իր կողմից ներկայացրած Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն ճանաչելու մասին ԱԺ հայտարարության նախագիծը: «Քաղաքական սխալ իրավիճակ կառաջանա, եթե այն դնենք քվեարկության: Դրա համար նորից վերլուծեք, քննարկեք: Խնդրում եմ խնդրանքս չմերժեք. ձեր գաղափարի կողմնակիցներն ենք հաստատուն ձեւով»,-ասել է Գալուստ Սահակյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշել է, որ գաղափարն իրենց կողմից ողջունելի է, բայց այնտեղ կան ոչ ճիշտ մեկնաբանություններ, փաստագրական ոչ ճիշտ մոտեցումներ: Նա խոստացել է, որ անձամբ ինքը իր գործընկերների հետ նախաձեռնելու է մոտ ապագայում հայտարարության ընդունում, որը կդատապարտի Օսմանյան Կայսրությունում ապրող հույների, ասորիների եւ եզդիների ցեղասպան քաղաքականությունը:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանը նշել է, որ եթե ԱԺ-ն ընդունի գաղափարը, կարող են ներկայացնել առաջարկություններ ու միասին աշխատել առկա թերությունների շուրջ. «Ես պատրաստ կլինեմ ընդունել բոլոր առաջարկներն՝ ավելի կատարելագործելու այս օրինագիծը, որպեսզի արագ ընդունենք այն»:
Նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրել է, որ հանձնաժողովում շահագրգիռ քննարկում է եղել. «Ես նշել էի, որ օրինագծում կան փաստագրական սխալներ, որոնք ծիծաղելի իրավիճակի մեջ կարող են դնել ԱԺ-ին: Եղել է փաթեթ, ես բազմաթիվ առաջարկություններ եմ արել: Տարօրինակ է, որ բոլոր առաջարկները մերժվել են: Նորից կոչ եմ անում տիկին Փոստանջյանին՝ առաջին նախագիծը դնել քննարկման»:
Ի վերջո Փոստանջյանը համաձայնել է հետ վերցնել նախագիծը, նշելով. «Ես հետ կվերցնեմ իմ օրինագիծը եւ այլեւս գրավոր չեմ դիմի պատգամավորներին: Տվեք ձեր առաջարկները, որպեսզի մեր պարտքը կատարենք»:
Հիշեցնենք, որ այդ նախագծով Զարուհի Փոստանջյանն առաջարկում է դատապարտել Օսմանյան կայսրության կողմից ազգային փորամասնությունների՝ պոնտոսահույների, եզդիների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունները եւ որպես դատապարտման օր՝ ընդունել դեկտեմբերի 9-ը:




























