ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը համոզված է, որ եթե լարվածություն առաջանա իշխանության եւ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ, ապա բանակցությունների սեղանին կնստեն Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը նշեց, որ չի բացառվում, որ հենց եռյակի հետեւում Հայաստանի երկրորդ նախագահն է:
«Եռյակն ու իշխանությունները պայմանավորվածություն ձեռք կբերեն, կիսեն իշխանությունը, չափաբաժնի հարց է այստեղ ընդամենը: Եռյակում մի ստվար զանգված մոլորության մեջ է, որովհետեւ այս ճանապարհով գնալը տանում է ոչնչացման»,- ասաց Զուրաբյանը:
Կուսակցության նախագահի խոսքով` եռյակում երաժշտություն պատվիրողը ԲՀԿ-ն է, որն էլ իրավունք ունի որոշել, թե նախագահի թեկնածու ում կառաջադրի:
«Գագիկ Ծառուկյանը պատվախնդիր մարդ է եւ իր հարաբերությունները չի փչացնի Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ավելացրեց նա:




























