Բուլղարիայի պատճառով «Հարավային հոսք» գազատարի շինարարության կասեցման մասին Ռուսաստանի հայտարարությունը ԵՄ-ում համարում են ածխաջրածինների գների անկման պայմաններում տնտեսապես ոչ շահավետ նախագծից հրաժարումը արդարացնելու փորձ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Հարավային հոսքի» ստեղծումը կապված է մեծ գումարների հետ: Գազի եւ նավթի գների անկման պայմաններում «Հարավային հոսքի» շինարարությունը դառնում է տնտեսապես ոչ շահավետ: Այս նախագիծը «Գազպրոմի» վրա շատ թանկ կնստեր, եւ այժմ ավելի հարմար է փոքրիկ Բուլաղարիային մեղադրել նախագիծը խզելու մեջ», - հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը սառեցնում է «Հարավային հոսքի» շինարարությունը, որում «Գազպրոմն» արդեն 5 մլդ դոլար ներդրումներ է կատարել: Նա Եվրահանձնաժողովին մեղադրել է ապակառուցողական դիրքորոշման մեջ, որը չի համապատասխանում Եվրոպայի շահերին: 

Պուտինի հայտարարությունից հետո հաշված րոպեներ անց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր Թուրքիայում նույն հզորությամբ խողովակի շինարարության ծրագրերի մասին՝ Եվրամիության սահմաներ դուրս գալու հեռանկարներով: