Հայկական կողմը հույս չուներ, որ լավաշը կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում որպես հայկական մշակութային արժեք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց բանաստեղծ-հաղորդավարուհի Սոնիա Թաշչյանը, որը վրդովված էր Ադրբեջանի բողոքից, թե իբր լավաշը տարածաշրջանային մշակույթ է եւ միայն հայկական մշակութային ժառանգություն համարվել չի կարող։
Սոնիա Թաշչյանը հայկական ազգային արժեքների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները կապում է մշակութային ժառանգության նկատմամբ մեր անտարբերության հետ։
«Թուրքերը մեզանից զավթել են այդքան հողեր, մեր մշակույթն էլ կգողանան։ Ինձ անհանգստացնում է մեր վերաբերմունքը եւ անտարբերությունը ազգային, ազգագրական արժեքների նկատմամբ։ Կարող էին լավաշն էլ դարձնել թուրքական, որովհետեւ մենք տեր չենք կանգնում մեր ազգային արժեքներին, այս պարագայում՝ խոհանոցին։ Եթե կարողանան լավաշը իրենցով անել, թոնիրն էլ կարող են իրենցով անել։ Մինչդեռ երբեք ոչ մի քոչվոր ազգ չէր կարող թոնիրը հետը ման տար. դա այն ժողովուրդներին է հարիր, որոնք նստակյաց կյանք են վարում»,- նշեց Սոնիա Թաշչյանը։
Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը նշեց, որ հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից։
«Հայտը ներկայացվել է դեռեւս անցյալ տարի։ Եղել են քննարկումներ եւ առարկություններ՝ Ադրբեջանի, Իրանի, Մոնղոլիայի եւ Ղազախստանի կողմից։ Ուրիշները մեր ունեցածը ներկայացնում են որպես իրենց մշակութային արժեք, սա է ցավը։ Վերջապես եկավ մի դեպք, երբ ասացին՝ այո´ դա ձերն է։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ ուրիշները մեզանից վերցնում են, տանում են. ավելի շատ մենք ենք զիջում»,- նշեց Հոբոյանը։
Ազգագրագետի կարծիքով՝ լավաշը մարդկության ամենաբարձր նվաճումներից մեկն է, սակայն նա մտահոգություն հայտնեց, որ լավաշի տնական արտադրությունը, այնուամենայնիվ, նվազում է։
«Այսօր շատ գյուղերում, ճիշտ է, թոնիրները կան, բայց հաց չեն թխում, քանի որ ավելի ձեռնտու է գնել, որովհետեւ վառելիքի հարց կա, դժվարություններ կան, մենք նույնիսկ այս շատ կարեւոր մշակութային արժեքն ենք կորցնում»,- ասաց Սուրեն Հոբոյանը։
Նշենք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:




























