Եթե պարզվի, որ Եղվարդի մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը որեւէ աշխատակցի անփութության հետեւանք է, ապա նա կազատվի աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանը:
Նա նախ նշեց, որ երբեւէ իրենց մոտ նման դեպք չի եղել, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզը միակն է համայնքում, ունի մոտ 450 սան, ապահովված է բոլոր անհրաժեշտ տեխնիկական պայմաններով, գույքով, այն ամենը, ինչը պետք է ունենա ժամանակակից մանկապարտեզը:
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ մանկապարտեզի գործունեությունը կվերսկսվի 10 օրից ոչ շուտ, մինչեւ պարզվի վարակի աղբյուրը, վերացվի այն եւ մի շարք այլ անհրաժեշտ գործողություններ կատարվի: Վարդան Մուրադխանյանը տեղեկացրեց նաեւ, որ դեպքից անմիջապես հետո իրենք գնացել են մանկապարտեզ, այցելել հիվանդանոց, գնացել երեխաներին տեսության, զրուցել նրանց ծնողների հետ: Քաղաքապետի կողմից մանկապարտեզում տեղի ունեցածի վերաբերյալ առայժմ որեւէ քննություն չի նշանակվել, քանի որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ու մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այնուհանդերձ, աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ եթե պարզվի թունավորման պատճառը մանկապարտեզի որեւէ աշխատակցի թերացման, անփութության հետեւանքն է, ապա նա անպայման ազատվելու է աշխատանքից:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:




























