Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավարությունն արդեն մոտենում է ավարտին, շուտով կսկսվի մեղադրական եւ պաշտպանական ճառերի փուլը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կալանավորված Շահբազ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը հայտնեց, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք դատական նիստին հարցաքննվելու է ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված, հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած եւ օրերս ծառայության անցած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը:
«Դատավարությունը համարյա ավարտվում է, շատ քիչ բան է մնացել ուսումնասիրելու համար»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ դիվերսանտների մոտ հայտնաբերվել էր Ինջիղուլյանի՝ Բաքվում տեղի ունեցած հարցաքննության կադրեր, իսկ հարցաքննությանը մասնակցել էր սպանված դիվերսանտ Հասան Հասանովը:
Նշենք, որ ադրբեջանցի դիվերսանտների գործով դատավարությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։




























