Ֆրանսիայի Ազգային ժողովը բանաձեւ է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով ճանաչել Պաղեստինը: Սոցիալիստների նախագիծն ընդունվել է ձայների 339 կողմ, 151 դեմ հարաբերակցությամբ: Այս մասին հաղորդում է France 24-ը:

Բանաձեւը կառավարությանը կոչ է անում ճանաչել Պաղեստին պետությունը՝ հակամարտության որոշիչ կարգավորման հասնելու համար: Ըստ բանաձեւի, երկու պետությունների գաղափարը, որը շարունակում են առաջ տանել Ֆրանսիան եւ Եվրամիությունը, ենթադրում է Իսրայելի հետ միասին Պաղեստին պետության ճանաչում:

Ամեն դեպքում, բանաձեւն ընդամենը խորհրդատվական բնույթ է կրում եւ չի ազդում Փարիզի պաշտոնական դիրքորոշման վրա: Չնայած չի կարելի նաեւ թերագնահատել դրա կարեւորությունը Պաղեստինի համար, որն իր հարցն առաջ է տանում ՄԱԿ-ում: Պաղեստինի իշխանությունները չեն հապաղել ողջունել Ֆրանսիայի խորհրդարանականների որոշումը:

Մյուս կողմից, Ֆրանսիայում Իսրայելի դեսպանությունը կոմյունիկե է հրապարակել՝ նշելով, որ «բանաձեւը հեռացնում է համաձայնության հասնելու հնարավորությունը՝ սխալ հաղորդագրություն ուղարկելով տարածաշրջանի առաջնորդներին եւ ժողովուրդներին»: