Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ռուսական իշխանություններն անպարկեշտ են վարվել՝ արգելելով բելառուսական պարենամթերքի ներկրումը Ռուսաստան: Մինսկում դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ արգելել իր տարածքով պարենամթերքի տարանցումը, նաեւ հավելել է, որ պարենամթերքի անվտանգության առումով Ռուսաստանը կես դար հետ է Բելառուսից:

«Հարց է ծագում՝ ինչու դա կատարվեց: Ռուսաստանում գործող տարատեսակ խաբեբաներն այսօր ցանկանում են ռուսական շուկայում տաքացնել ձեռքերը՝  գների ուռճացման հաշվին: Բելառուսական ապրանքների մատակարարումը զգալի զսպում է գնաճը Ռուսաստանում, բնականաբար, մենք գիտենք՝ ում դա ձեռնտու չէ: Բայց դա նրանց խնդիրն է» »,- նշել է Բելառուսի նախագահը:

«Հարցն այն է, որ Ռուսաստանը խախտեց բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Մաքսային միությունում: Այո, դա կարելի է պատճառաբանել անվտանգության որոշ հարցերով, ահաբեկչությամբ եւ այլն: Կարելի է ամեն ինչ հորինել եւ պիտակ կպցնել»,- ասել է նախագահը:

Լուկաշենկոն նաեւ կարծում է, որ Ռուսաստանը չպետք է փորձի Բելառուսի ուժերով արգելել պատժամիջոցների ենթակա ապրանքների տարանցիկ փոխադրումը: «Եթե Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի ինչ-որ ապրանքներ մեր երկրով անցնեն Չինաստան, Մոնղոլիա, Ուզբեկստան, Թուրքիա, Ղազախստան եւ այլ երկրներ, թող նա զբաղվի այդ տարանցման արգելքով, սակայն ոչ մենք… Մենք տարանցիկ հանրապետություն ենք, դրանից թեկուզ քիչ, բայց գումար ենք ստանում, սակայն մենք չենք կարող արգելել այլ երկրներ ապրանքների տարանցումը մեր տարածքով», — հայտարարել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հերքել է նաեւ բելառուսական արտադրանքի նկատմամբ եղած բոլոր մեղադրանքները: «Եթե հարց բարձրացվի, թե որ ապրանքներն են անվտանգ՝ բելառուսականը, թե ռուսականը, դա ծիծաղելի կլինի ոչ միայն Բելառուսում, այլեւ ցանկացած ռուսաստանցու համար: Քանզի ՌԴ-ն, թող ինձանից չնեղանան, ապրանքների անվտանգության առումով կես դար հետ է Բելառուսից», - ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հերքել է Բելառուսից ռուսական շուկա պարենամթերք մատակարարելիս կատարվող խաբեությունների բոլոր մեղադրանքները: «Մենք կտրականապես արգելել ենք ռուսական շուկա մատակարարելու նպատակով արեւմտյան ապրանքների հետ կապված մեքենայությունները: Ասում են՝  իբր վերասոսնձել ենք պիտակը եւ մատակարարել: Նման բան չկա, չի եղել եւ չի լինի: Սակայն մենք Բելառուսի տարածքում վերամշակել եւ վերամշակելու ենք այն արտադրանքը, որն անհրաժեշտ ենք համարում», - հայտարարել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Բելառուսի 11 ձեռնարկությունից մատակարարումները, որոնք արտադրում են միս, երշիկեղեն, կաթ եւ կաթնամթերք՝ դրանց արտադրանքում  վտանգավոր միկրոօրգանիզմներ հայտնաբերելու պատճառով: Այդ նույն պատճառով նոյեմբերի 26-ից սահմանափակումներ են սահմանվել եւս ութ ձեռնարկության նկատմամբ: