Հոնկոնգում Occupy Central բողոքի շարժման կազմակերպիչները հանձնվել են ոստիկանությանը եւ պատրաստվում են ցուցմունք տալ՝ ցույցերի կազմակերպմանն ունեցած իրենց մասնակցության վերաբերյալ: 

Դեկտեմբերի 3-ի ցերեկը երեք տղամարդ՝ համալսարանի երկու պրոֆեսոր եւ մեկ հոգեւորական, ոստիկանություն են եկել: Նրանք հայտարարել են, որ  ոստիկանություն գալով, ցանկանում են ցույց տալ «գործին հավատարմությունը եւ պատասխանատվությունը», ձգտում են Occupy Central-ը վերածել «կայուն հասարակական շարժման»:  «Այս անարդար համակարգին մարտահրավեր նետելու համար մենք պատրաստ ենք պատասխան տալ», - հայտարարել են նրանք:

Դեկտեմբերի 2-ին Բեննի Թայը, Չան Կին-Մանը եւ Չու Յու-Մինգը ելույթ են ունեցել մամուլի ասուլիսում՝ ուսանողներին կոչ անելով հեռանալ Հոնկոնգի փողոցներից: Հոնկոնգի ուսանողների ֆեդերացիայի ղեկավար Ալեքս Չոուն լրագրողներին հայտնել է, ուսանողների առաջնորդները չեն հետեւի շարժման առաջնորդներին եւ չեն հանձնվի: Սակայն նշել է, որ ցուցարարների հետ կքննարկի բողոքները դադարեցնելու հնարավորությունը, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

South China Morning Post-ը հայտնում է, որ ոստիկանությունում Occupy Central-ի հիմնադիրներին դիմավորել է 40 ակտիվիստներից բաղկացած մի խումբ, որոնք աջակցում են կառավարությանը:  Նրանք առաջնորդներին մեղադրել են հասարակությունը պառակտելու եւ մարդկանց կյանքին վնաս հասցնելու մեջ:

Սեպտեմբերի վերջին բողոքողներն սկսել են Occupy Central ակցիան՝ արգելափակելով Հոնկոնգի բիզնես կենտրոնը: Ակտիվիստները պահանջում են Հոնկոնգի ղեկավարի ուղիղ ընտրություններ: Հունիսին նրանք տասնօրյա առցանց հանրքավե են անցկացրել, որին մասնակցել է շուրջ 800 հազար մարդ  եւ որը Պեկինը չի ճանաչել: