Շվեյցարիայի արդարադատության եւ ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավար, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սիմոնետա Սոմարուգան չորեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, ընտրվել է երկրի նախագահ. նա նախագահելու է 2015-ին: Քվեարկությունը կայացել է  Բեռնում, Դաշնային ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստի ընթացքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Երկրի փոխնախագահ է ընտրվել էկոնոմիկայի, կրթության եւ հետազոտությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Յոհան Շնայդեր-Ամանը: Պաշտոնյաները նոր պարտավորություններն իրականացնելու են նախկինների հետ միաժամանակ. նրանք շարունակելու են ղեկավարել իրենց նախարարությունները:

 Քվեարկության արդյունքները հայտնի էին նախապես, ինչը խորհրդարանում մեծամասնություն կազմող հիմնական քաղաքական կուսակցությունների միջեւ փոխզիջման արդյունք է:

 Շվեյցարիայում նախագահը եւ փոխնախագահն ընտրվում են ռոտացիայի սկզբունքով կառավարության անդամների միջից մեկ տարի ժամկետով՝ առանց հաջորդ ժամկետի վերընտրվելու իրավունքի:

Շվեյցարիայում նախագահը հիմնականում կատարում է ներկայացուցչական գործառույթներ: Նա ոչ ղեկավարում է երկիրը, ոչ կառավարությունը եւ ոչ էլ նախարարներին: Երկրի հավաքական ղեկավարի գործառույթներն իրականացնում է Դաշնային խորհուրդն իր ամբողջական կազմով՝ կառավարությունը՝ բաղկացած 7 նախարարներից: