Ռուսաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը ծրագրում է պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի զարգացումը կանխել՝ նրանց հատուկ թեստավորման օգնությամբ: Այս մասին դեկտեմբերի 3-ին գրել է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով աշխատանքի նախարարության պետական ծառայության զարգացման դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Բասնակին:
«Բացի թեկնածուների գիտելիքների գնահատման համար նախատեսված թեստերից, հարկավոր է մշակել գործիքներ, որոնք թույլ կտան գնահատել նրա անձնական եւ մասնագիտական հատկանիշները… Միաժամանակ, նման գործիքները կնպաստեն քաղծառայողի գործունեության ժամանակ կոռուպցիոն երեւույթների կանխարգելմանը»,- տեղեկացրել է Բասնակը:
Թեստավորումն անցկացվելու է հատուկ պատրաստված մասնագետի հետ ծառայողի հարցազրույցի միջոցով: Հատուկ հարցերի օգտագործումը 90% հստակությամբ երաշխավորում է թեկնածուի հատկանիշների գնահատումը: Թեստի արդյունքը ցույց կտա կոռուպցիայի հանդեպ կոնկրետ թեկնածուի հակվածությունը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի նրան կարիերայի զարգացման լավագույն տարբերակն առաջարկել:
Ներկայում Ռուսաստանի մի շարք շրջաններում կոռուպցիայի առկայության մասին թեստավորումն անցկացվում է ստի դետեկտորի միջոցով: Ուղիղ տրված հարցերին ծառայողները պատասխանում են այո/ոչ:
Օրինակ՝ այս տարի Մոսկվայում զանգվածաբար ստուգում էին ղեկավար կազմի կոռուպցիոն-հանցավոր ուղղվածությունը: Թեստավորման արդյունքում պարզվել է, որ հարցվածների շուրջ 10%-ի մոտ նման գործոններ առկա են, որոնցից 30%-ի մոտ՝ աննշան մակարդակով:
Պարբերականը հիշեցնում է, որ հակակոռուպցիոն թեստավորումն ընկած է զարգացման դաշնային ծրագրի հիմքում, բայց այն դեռեւս չի հաստատվել: Աշխատանքի նախարարությունը ծրագրում է թեստավորման համար հարցերի համալիրն առաջարկել մինչեւ 2015 թվականի հունիսի 15-ը:



























