Air Armenia ավիաընկերությունը, ինչպես եւ նախապես հայտնել էր, դեկտեմբերի 20-ից սկսելու է կանոնավոր չվերթներ իրականացնել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ավիաընկերության ներկայացուցիչ Սիրակ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ ոչինչ չի փոխվել, տոմսերը վաճառվում են արդեն, բայց չվերթներ իրականացվելու են ամսի 20-ից հետո:

Նշենք, որ ընկերությունը չվերթները դադարեցրել էր՝ ֆինանսական միջոցներ ներգրավվելու համար:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ մամուլում հրապարակումներ են լինում, որ ավիաընկերությունը սնանկացման եզրին է: Ի պատասխան այս հրապարակումների, հոկտեմբերի 22-ին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Որպես միակ հայկական ուղեւորափոխադրող ընկերության՝ Air Armenia-ի համար  անցած տարին լի էր ձեռքբերումներով ինչպես նաեւ անցանկալի բացասական անակնկալներով:  Տարածված տեղեկությունների համաձայն՝ ամռան ընթացքում  փորձեր եղան ավիաընկերության գործունեությանը խոչընդոտելու ուղղությամբ, որի արդյունքում միտում դիտվեց միակ հայկական ավիափոխադրողի վերացման ուղղությամբ, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար՝ մենաշնորհային եւ անկախ քաղաքականություն իրականացնելու եւ Հայոց երկնքին տնօրինելու ուղղությամբ»: