Ներկայում Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցողը հաստատում է Ռուսաստանի կարծիքն այն մասին, որ փետրվարի իրադարձությունները պետական հեղաշրջում է: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում: «Այո, մենք դատապարտեցինք այս տարվա փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջումը: Եվ այն, ինչ հիմա տեսնում ենք Ուկրաինայում՝ հարավ-արեւելքի ողբերգությունը, ամբողջությամբ հաստատում է մեր դիրքորոշման ճշմարտացիությունը:

Այդ առնչությամբ ինչպե՞ս կարելի է աջակցել իշխանության զինված զավթմանը, բռնությանը, սպանություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը: «Ինչպե՞ս կարելի է սատարել դրան հետեւած՝ զինված ուժերի օգնությամբ իրենց կամայականությունների հետ չհամաձայնվող արեւելքի բնակիչներին ճնշելու փորձերին: Ընդ որում, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության կեղծ խոսակցությունների ներքո: Դա պարզապես ցինիզմ է»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը: