Բազելում դեկտեմբերի 4-ին բացվել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ամենամյա նիստը: ԵԱՀԿ 57 անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, 11 գործընկեր պետությունների եւ մի քանի միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ են մասնակցում նիստին:
Արտգործնախարարները կամփոփեն տարին, կքննարկեն ուկրաինական ճգնաժամը, նաեւ՝ ԵԱՀԿ տարածքում եւ դրա սահմաններից դուրս առկա մարտահրավերները:
Նիստը բացելով՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը նշել է, որ Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակը վատթարացել է: Ըստ նրա՝ ուկրաինական ճգնաժամն ավելի խոր ճգնաժամ է առաջացրել եվրոպական անվտանգությունում:
Բուրկհալտերը անդամ երկրներին կոչ է արել հոգ տանել ԵԱՀԿ-ի մասին, քանի որ կազմակերպությունն ամրապնդում է երկրների եւ ժողովուրդների անվտանգությունը:
ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է, որ Շվեյցարիան աշխատել է նախագահության սկզբում առաջադրված առաջնային ծրագրերի ուղղությամբ:
«Երեք այցերի ընթացքում մենք ձգտել ենք նպաստել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը եւ Արեւմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում անվտանգությանն ու համագործակցությանը, նաեւ քննարկել ենք ԵԱՀԿ-ի համապատասխան դերը»,- հայտարարել է նա:




























