Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մանկապարտեզում նոյեմբերի 28-ի զանգվածային թունավորումը խմելու ջրից չի եղել: Այս մասին դեկտեմբերի 4-ին կառավարությունում լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ըստ նրա՝ թունավորման պատճառն առայժմ հստակ չէ, բայց եթե երեխային նրբերշիկ են տվել, դա խախտում է, քանի որ տվյալ տարիքային խմբի սննդակարգում երշիկեղեն չպետք է լինի:
Հետագա փաստերի վերհանումը իրավապահների գործն է, հավելել է նա: Դրանից կախված կլինի՝ ինչ պատիժ կկիրառվի մանկապարտեզի վարչակազմի նկատմամբ:
«Մեր նախարարությունը պատժիչ գործառույթ չունի», - հավելել է Մուրադյանը:
Նա հայտնել է, որ Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ-ում դեռ մնում են 4 երեխա եւ մեկ մեծահասակ:
Եվս երկու երեխաներ գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Վարակի հետագա տարածումից վախենալու հարկ չկա. այն տեղայնացվել է առաջին իսկ օրը:




























