Երեւանի Կենտրոն վարչական շրջանում աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները դեկտեմբերի 1-ից իրականացնող «Սանիտեկ» ընկերությունը մասնավոր է եւ ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի 100-ից ավելի աշխատակիցներ մեկ գիշերում դարձել գործազուրկ եւ արդյոք քաղաքապետարանը պատրաստվում է օգնել այդ մարդկանց:

«Երեւանի քաղաքապետարանը դեռ 2012թ.-ից է սկսել բանակցել միջազգային օպերատորների հետ եւ հետեւաբար, աշխատակիցների անտեղյակ լինելը կասկածելի է: Ինչ վերաբերվում է հարյուրավոր քաղաքացիներին, ապա այսօր քաղաքապետարանի մոտ մի խումբ մարդիկ էին հավաքվել, չեմ կարծում, որ հարյուրավոր մարդկանց մասին է խոսքը: Իհարկե, հավաքարարները, վարորդները շարունակելու են աշխատել: Եթե որոշակի մարդիկ ամեն դեպքում ազատվեն աշխատանքից, կարող են այլ վարչական շրջանների սանիտարական ձեռնարկություններում աշխատանքի անցնել: Բացի դրանից՝ 4-րդ կարգ ունեցող վարորդները կարող են ավտոբուս վարել, քանի որ Երեւանի քաղաքապետարանի ավտոբուսային պարկը ավտոբուսների վարորդների կարիք ունի»,- ասաց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ էր ծանոթացել «Սանիտեկ» ընկերության աշխատանքներին: Ընկերությունը լիբանանյան է եւ 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Դեկտեմբերի 4-ին մի խումբ աշխատակիցներ հավաքվել էին քաղաքապետարանի առջեւ՝ պահանջելով հանդիպում Տարոն Մարգարյանի հետ, քանի որ միջազգային օպերատորի գալուց հետո իրենք գործազուրկ են դարձել: