Գիտնականները կարծում են, որ կենդանիները կարողանում են զգացմունքներ եւ հույզեր արտահայտել: Օրինակ, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի մասնագետները պարզել են, թե այծերը բարձր տրամադրություն ունենալու դեպքում ինչպես են իրենց դրսեւորում. նրանք պոչը վեր են բարձրացնում, ականջներն առաջ բերում եւ ավելի քիչ կցկտուր ձայներ արձակում, քան սովորաբար:
Gazeta-ի փոխանցմամբ, այծերի բարձր տրամադրության նշանները գիտնականներ Ալան ՄաքԷլլիգոթն ու Էլոդի Բրիֆերը պարզել են կենդանիներին երկար ժամանակ հետեւելու արդյունքում: Նրանց կարծիքով, կենդանիների դրական ազդանշանները հասկանալու ունակությունն անհրաժեշտ է, որպեսզի նրանց կյանքի եւ բազմացման համար լավ պայմաններ ստեղծվեն:
Կենդանիների երջանկության նշաններն օգտակար է իմանալ անասնաբույժներին ու կենսաբաններին: Դա կարեւոր է հիվանդությունները բուժելու համար: Գիտնականների խոսքով, կենդանական աշխարհի ներկայացուցիչների վատ տրամադրությունը զգալը դյուրին է, եւ դա կարող են նույնիսկ ոչ մասնագետները, իսկ ահա դրական զգացողությունները ոչ բոլորը կարող են նկատել:




























