ԵԱՀԿ դիտարկման հատուկ առաքելության դերն Ուկրաինայում մեծանում է՝ կապված Մինսկի պայմանավորվածություններին հետեւելու անհրաժեշտության հետ: Այս մասին դեկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԵԱՀԿ դիտարկման հատուկ առաքելությունն Ուկրաինայում աշխատում է դժվարին պայմաններում, բայց բավական վստահ եւ հստակ,- ասել է նախարարը:- Մինսկի պայմանավորվածությունների ընդունման, դրանց համակողմանի իրականացման անհրաժեշտության հետ կապված՝ ԵԱՀԿ դիտարկման առաքելության դերն աճում է, ամենից առաջ հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու հարցում»:
«Հույս ունեմ, որ այն, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում, թույլ կտա բառացիորեն այս օրերին հայտարարել հրադադարի հաստատման մասին՝ ներառյալ կողմերի բաժանարար գիծը»,- ընդգծել է Լավրովը: Նա նաեւ հավելել է, որ ԵԱՀԿ դիտարկման առաքելության երկրորդ կարեւոր առաքելությունը գերիների խնդրի լուծումն է. «Ուզում ենք հասնել նրան, որ կողմերը համաձայնեն բոլորին բոլորի հետ փոխանակել»:
«Ինչ վերաբերում է նորմանդական ձեւաչափին. ես այն կօգտագործեի մեր ուկրաինական գործընկերներին արթնացնելու նպատակով՝ համակարգային խնդիրները լուծելու համար. երկրում կյանքի կազմակերպման, բոլոր շրջաններում մշակույթի, ավանդույթների հարգման խնդիրներ»,- ասել է Լավրովը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նախարարը նաեւ հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակն առանց ապստամբների քննարկելը իմաստ չունի, իսկ քաղաքական մոտիվներով Ռուսաստանին այդ գործընթացում ներգրավելը ճիշտ չէ:




























