Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ նախկինի պես օգնելու է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ համընդհանուր համաձայնություններ ձեռք բերելու հարցում: Այս մասին Բազելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վաղուց է սկսված ու շատ բարդ է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանն արդեն մի քանի տարի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հետ զբաղվում է խնդրի շուրջ մոտեցումներն ընդհանուր հայտարարի բերելու համար, որպեսզի «հնարավոր լինի սկսել պայմանավորվել արձանագրված՝ տարածքային ամբողջականության հարգման, ուժի չկիրառման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքների՝ գործնականում իրականացման մասին»:

Նախարարը հիշեցրել է, որ 2010 թվականին Աստրախանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը գերիների խնդրի մասին հայտարարություն է ընդունվել: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարտավորվել են ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա պատանդառման դեպքում նրանց փոխանակում կատարել, իսկ եթե նրանք սպանված են՝ մարմինների փոխանակում:

«Հույս ունեմ, որ այդ հայտարարությունը հաշվի կառնվի շփման գծի կողմերի գործնական քայլերի ժամանակ»,- ընդգծել է Լավրովը: Նա նաեւ հավելել է, որ գերիների կոնկրետ դեպքերի մասին տեղեկություն չունի: