Հայաստանը կարող է կամուրջ դառնալ՝ ներդրումներ գրավելով Եվրամիության երկրներից, ձեռնարկություններ բացելով, այնուհետեւ արտահանում իրականացնելով Եվրասիական տնտեսական միության երկրներ: Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցներ ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն առաջին հերթին վերաբերում է երկրի անվտանգության հարցերին: «Դա նաեւ ԵՏՄ շուկայում դիրքեր զբաղեցնելու հնարավորություն է Հայաստանի համար: Բացի այդ, մենք հաշվի ենք առնում, որ այսօր հայկական ամենամեծ սփյուռքը ԵՏՄ երկրներում է: Մյուս կողմից, կարծում ենք, որ Հայաստանը պետք է տարբերակի եւ հավասարակշռի տնտեսական հարաբերությունները»,- նշեց Շահգելդյանը:

Պատգամավորը պարզաբանեց, որ այդ հնարավորությունը կապված է Եվրամիության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հետ: «Մենք հետաքրքիր կարգավիճակ ունենք: Հայաստանը ԵՏՄ-ին կողմ արտահայտված միակ երկիրն է, որ միաժամանակ մասնակցում է նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրին»,- հավելեց Մհեր Շահգելդյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը: Դրան «կողմ» քվեարկեց 103, «դեմ»՝ 7, «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր: