Հայաստանի բնապահպանության նախարարի նոյեմբերի 27-ի հրամանով, սիգ եւ իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, 2014 թվականի դեկտեմբերի 8-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը ժամանակավորապես դադարեցվելու է Սեւանա լճում եւ լիճ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը:
ՀՀ բնապահպանության նախարարության, ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սեւանա լճի հարակից համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսի արգելման միջոցառումներ իրականացնելու հարցով:
Խորհրդակցության սկզբում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ստորագրել են Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագիրը:
Բնապահպանության նախարարի հրամանով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մինչեւ ս/թ դեկտեմբերի 8-ն ապահովել Սեւանա լճից ձկնորսության եւ խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաեւ ժամանակավոր կացարանների դուրս բերումը, շրջիկ հսկողություն իրականացնել Սեւանա լճի առափնյա տարածքներում եւ գետաբերաններում, կազմակերպել ստուգայցեր Սեւանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ:
Համատեղ միջոցառումների ծրագրով սահմանվել է, որ Լիճք, Վարդենիկ, Մաքենիս եւ Մասրիկ գետերի ավազանում գտնվող համայնքների բնակչության հետ պետք է տարվի համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն նշված գետերի հունի երկայնքով: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների եւ լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ:
Միջոցառումների ծրագրով նաեւ նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացնել Սեւանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երեւանի եւ մարզերի շուկաներում: Հանձնարարվել է նաեւ կազմակերպել ստուգայցեր Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում եւ լիճ թափվող գետերի վրա:




























