Ինսուլտից հետո շուրջ 20 օր կոմայի մեջ լինելուց հետո դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը կյանքի 77-րդ տարում վախճանվել է Հայոց Ցեղասպանության թանգարանինստիտուտի հիմնադիրտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Լավրենտի Բարսեղյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մանկավարժական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը:
Հոգեհանգստի օրը առայժմ ճշտվում է, նախնական տեղեկություններով՝ այն կարող է լինել դեկտեմբերի 8-ին:
Լավրենտի Բարսեղյանը հայ պատմաբան է, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրենը, ով 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Նա 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ, 1978-1985 թթ.` ՀԱՊԹ տնօրեն, 1984-1985 թթ.` միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրեն: 1988-1991 թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետի պաշտոնը, 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ: Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։ Նրա Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը։




























