Մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ թուրքերի նոր սերունդը  ավելի հասուն կլինի հայկական հարցի ճանաչման հարցում, եւ կխորանա թուրք իշխանությունների եւ հասարակության միջեւ պառակտումը: Այս մասին դեկտեմբերի 6-ին Բանակցության երեւանյան կենտրոնի կազմակերպած «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով ասուլիսում հայտարարել է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա՝ Թուրքիան որպես իր անվտանգության բաղկացուցիչ մաս, երկար տարիներ Հայոց ցեղասպանության խնդիրը սեփական քաղաքացիներին ներկայացրել է միեւնույն տեսքով:

Այսօր, հավելել է նա, Թուրքիան որոշակի մեկուսացման մեջ է հայտնվել. Այդ երկրի խնդիրը հոգեբանական ոլորտում է: «Ես բնավ չեմ հերքում փոխհատուցման հետ կապված Թուրքիայի վախերը՝ կապված տարածքային եւ ֆինանսական խոշոր կորուստների հետ, սակայն ցանկանում եմ հոգեբանական հետեւանքներին էլ անդրադառնալ: 

Երբ երկիրը տարիներով մի բան է պնդել, պատկերացրեք ինչ կկատարվի, եթե թուրք քաղաքական ղեկավարությունը հանկարծ փոխի մոտեցումները: Դա ուժեղ հարված կլինի թուրքական պետությանը, եթե այն խոստովանի իր սխալը»,- նշել է Հայկ Դեմոյանը: Թուրքիայում, ընդգծել է նա, շատ լավ են գիտակցում այդ հոգեբանական փլուզման աղետալի հետեւանքները»: