ԱՄՆ-ը փորձել է Եմենում «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորման գրոհայինների ձեռքից ազատել ամերիկացի պատանդ ֆոտոլրագրող Լյուկ Սոմերսին, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրավոր հայտարարությունում: Հիշեցնենք, որ Սոմերսին չի հաջողվել ազատել, նա սպանվել է:
«Այս շաբաթ ավելի վաղ Լյուկին առեւանգող ահաբեկիչները տեսաուղերձով զգուշացրել էին, որ Սոմերսը կսպանվի 72 ժամվա ընթացքում: Այլ տեղեկատվությամբ (ԱՄՆ կառավարության ձեռքի տակ եղած) նույնպես հաստատվում է, որ Լյուկի կյանքին իրական վտանգ է սպառնում: Հենվելով այդ գնահատականի վրա եւ երբ առկա է եղել հետախուզական հուսալի տեղեկատվություն, գործողություն իրականացնելու պլան է մշակվել: Ես ուրբաթ հանձնարարել եմ փրկության փորձ ձեռնարկել»,-նշվում է հայտարարությունում:
Օբաման վճռականորեն դատապարտել է ֆոտոլրագրող Սոմերսի «բարբարոսական սպանությունը», որին առեւանգել էին Եմենում 15 ամիս առաջ: Նրա հետ սպանվել է նաեւ Հարավային Աֆրիկայից մի պատանդ: Գրոհայինները նրանց սպանել են ամերիկյան հատուկ գործողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իր կողմից ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը գրավոր հայտարարությունում պարզաբանել է, որ փրկարար գործողության ընթացքում ոչնչացվել են վերը նշված ահաբեկչական խմբավորման մի քանի գրոհայիններ:




























